Այսօր՝ ապրիլի 6-ին, մեկնարկում է Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական 9-րդ փառատոնը` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի «Ջոն արքա» բեմադրությամբ: Այն կտեւի մինչեւ ապրիլի 13-ը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային թատերական 9-րդ փառատոնը նվիրվում է փառատոնի համահիմնադիր, միջազգային մեծ ճանաչում ունեցող շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկիին:
Փառատոնի շրջանակում կներկայացվի Անջեյ Ժուրովսկիի մշակումով «Շեյլոկ» սցենարի հիման վրա՝ Վարշավայի թատերական ակադեմիայում ստեղծված համանուն լեհական ներկայացումը /գլխավոր դերակատար Պյոտոր Կոնդրատի/: Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, միջազգային հեղինակություն վայելող թատերական գործիչ Էմիլ Բորոգինան փառատոնին կմասնակցի Վ. Շեքսպիրի մի քանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացումով: Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի «12-րդ գիշեր» կատակերգությունը /ՌԴ ժող. արտիստ, պետ. մրցանակի դափնեկիր Կոպիլով/, Փարիզի Ավանտի գեղարվեստամշակութային կենտրոնը՝ իտալա-ֆրանսիական «Օթելլո», իսկ Լեհաստանը՝ «Անջատի´ր, Էլա» ներկայցումներով /դեր.՝ Նատալյա Վիլկ, ըստ Շեքսպիրի պիեսների/:



























