Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինված բախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը:  Նա վստահություն է հայտնել, որ կարգավորման միակ ճանապարհը Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջեւ երկխոսությունն է եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում  հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում: