Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ ոստիկանության գործողությունների կապակցությամբ դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Նրա նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Գասպարյան,
2013թ. ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու եւ Արաբկիրի բաժիններ:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունիի բաժին բերման ենթարկված են եղել.
1. Եղիա Ավետիսի Ներսեսյանը
2. Վարդգես Արարատի Պետրոսյանը
3. Մարիամ Սուխուդյանը
4. Արման Ալեքսանյանը
5. Արման Վերմիշյանը
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման ենթարկված են եղել.
1. Սամվել Իսրայելյանը
2. Դավիթ Ստեփանյանը
3. Անտոն Իպչենկոն
4. Հայկ Գրիգորյանը
5. Գոհար Սարոյանը
6. Շողակաթ Վարդանյանը
7. Անուշ Պողոսյանը
8. Թերմինե Դովլաթյանը
9. Կարեն Հարությունյանը
10. Սարո Սարոյանը
11. Գեւորգ Սաֆարյանը
12. Հովհաննես Ղազարյանը
13. Կարեն Օհանյանը
14. Պարույր Մովսիսյանը
15. Արսեն Օհանյանը
16. Արմեն Մարտիրոսյանը
Նկատի ունենալով 2013թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձեւավորված հասարակական հնչեղության հանգամանքը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով` խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ յուրաքանչյուր կետում նշված անձանց, այդ թվում նաեւ Անդրեաս Ղուկասյանին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ:
Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված /ձեռնարկվող/ միջոցառումների վերաբերյալ:
Խնդրում եմ հայտնել նաեւ, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013թ. ապրիլի 9-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել են այլոց ազատ տեղաշարժման իրավունքը:
Ձեր պատասխանն ակնկալում եմ ստանալ 3-օրյա ժամկետում»:




























