Երեւանի հարցված բնակչության 63,2 տոկոսը քաղաքապետ Տարոն Մարգարյանին գնահատել է որպես  վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետ: Այս մասին, այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ համայնքներում խնդիրներ չկան:

Նա նշեց, որ այս տվյալներն ստացվել են 2012-ի դեկտեմբերի եւ 2013-ի մարտին անցկացված հարցումների ժամանակ:

«Տարոն Մարգարյանից առավել գոհ են Մալաթիա-Սեբաստիայի, Նոր-Նորքի բնակիչները, մասամբ գոհ են Դավթաշենի, Շենգավիթի բնակիչները: Առավել դժգոհ են՝ Զեյթուն/Քանաքոեռի,  Արաբկիրի, Աջափնյակի բնակիչները: Մասամբ դժգոհ են՝ Կենտրոնի, Էրեբունիի բնակիչները»,-ասաց նա:

Ադիբեկյանի ներկայամամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրված եւ նախապատվություն ունեցողների 34,1 տոկոս քաղաքացիների բաշխումը ըստ համայնքների տատանվում է

Տարոն Մարգարյանի մոտ (ՀՀԿ)՝ 21,0 – 25,0

Վարդան Օսկանյանի մոտ (ԲՀԿ)՝ 1,0 - 4,0

Արմեն Մարտիրոսյանի մոտ («Բարեւ Երեւան»)՝ 0,5 – 4,7

Արմեն Երիցյանի մոտ (ՕԵԿ)՝ 0,3 – 1,7

Արմեն Ռուստամյանի մոտ (ՀՅԴ)՝ 0,4 - 1,6

Նրա խոսքով՝ վերջին զարգացումները Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի վրա բացասաբար կազդեն: Ադիբեկյանը նշեց նաեւ, որ հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանը դիտվեր որպես քաղաքապետի թեկնածու, սակայն Արմեն Մարտիրոսյանը որպես քաղաքապետ չի դիտվում:

Նա տեղեկացրեց, որ հարցման պատվիրատուներն են ՀՀԿ-ն եւ եւս երկու կուսակցություն, որոնց անունները նա չնշեց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am