Երեւանի բնակչության շրջանում Տարոն Մարգարյանին հիմնականում համակրում են կանայք: Այս մասին, այսօր` ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ Տարոն Մարգարյանին սիրում են թե’ ամուսնացածները, թե’ ամուրիները:
«Իր հանգիստ, մի քիչ հմայիչ խոսելն ու մազերը, որ թափած է, նա երեւում է իր տարիքից մի քիչ մեծ եւ դա գրավում է: Դե կանայք ընտրում են սրտով, չէ՞»,- կարծիք հայտնեց Ադիբեկյանը:
Դիտարկմանը, թե իր հարցումների արդյունքում ամենացածրը քաղաքապետի ՕԵԿ-ի թեկնածու, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանի տոկոսներն են, Ադիբեկյանն ասաց. «Եթե նա օրը մեջ հրդեհ հանգցներ եւ հրդեհից մանուկ երեխաների փրկեր կամ մահճակալի վրա պառկած տատիկների, հերոսի իմիջ ձեռք կբերեր: Այդ դեպքում եեւանցիները կասեին թող գա մեզ փրկի»:
Սոցիոլոգը կարծիք հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ կլինեն եւ կլինեն այն կուսակցությունների կողմից, ով փող ունի:
Դիտարկմանը, թե նախորդ՝ նախագահական ընտրություններում այդ մեխանիզմը չգործեց, Ադիբեկյանն արձագանեց. «Չգործեց, որվհետեւ ես առաջարկեցի, որ եթե հիվանդը դեղ չունի՝ գնան դեղ առնեն, սոված է՝ պայոկ բերեն, լույսի, ջրի փողը մուծեն: Դրա համար նախագահն ասել է, որ օգնեք, բայց մի կաշառեք»: Նա կարծիք հայտնեց, որ դա ընտրակաշառք չէ:




























