Հուշարձանների եւ տեսարաժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի «Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 հնագիտական վայրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին:
Բացառապես առաջին անգամ հանրությանը ներկայացվող հնագիտական 100-ից ավելի առարկաները հեռավոր անցյալը կմոտեցնեն մեզ` լրացնելով գրավոր աղբյուրներից հայտնի Ուրտեխե-Ուրտեխինի երկրի նյութական մշակույթի մասին մեր իմացությունը:
Ցուցահանդեսում ներկայացված պեղածոներից շատերը թեեւ ժամանակագրորեն դրվում են ուրարտական մշակույթի կողքին եւ կրում են այդ մշակույթի ազդեցությունը, սակայն ակնհայտորեն Ուրարտու չեն եւ հանդիսանում են Հայկական լեռնաշխարհի տեղական ինքնատիպ մշակույթի իրեղեն վկայություններ (Կերեն` Ք. ա. 9-5դդ., Կարկառ` Ք. ա. 7-6դդ. ): Տիգրանակերտ-Շուշի-Հանդաբերդ հետախուզական երթուղին, որով տասնամյակ առաջ անցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը, բացահայտեց ոչ միայն Արցախի Տիգրանակերտը, այլ նաեւ Արցախ աշխարհի հայկականությունը փաստող անհերքելի այլ ապացույցներ: Կարկառի պեղումները խոստանում են բնակատեղիին վերագրել գուցեեւ նույն նշանակությունը, ինչ այսօր Երեւան մայրաքաղաքի համար ունի Էրեբունին: Պատերազմական գործողություններին զուգահեռ Արցախում իրականացվող հնագիտական հետախուզումները, ապա 1977-2001թթ. Ծիծեռնավանքի պեղումներն ու վերականգնողական աշխատանքները, իրավամբ, ժառանգության հայ պահապանի նվիրումի ու նաեւ «ոգու սխրանքի» վկայություն են:
«Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսը այս ապրիլի 18-ին Էրեբունի թանգարանի հարկի տակ կմիավորի Հայաստանի ու Արցախի ժառանգության պահպանության պատասխանատուների, ժառանգության պահապանների եւ, մասնավորապես, հնագիտական ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ու մտահոգ հանրությանը: Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ցույց տալ հնագիտական ժառանգության արժեւորման եւ մեկնաբանման կարեւորությունը մեր մշակութային ժառանգության շտեմարանում, այլ նաեւ հանուն ժառանգության` Հայաստանի ու Արցախի համերաշխությունը:
Ցուցահանդեսը կազմակերպել է Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության հետ գործընկերությամբ: Ցուցահանդեսը իրականացվել է Երեւան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում եւ նվիրվում է ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան :
Բացումը` 2013թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2013թ. մայիսի 18-ը:



























