Եթե «Վիմպելկոմ» ընկերությունը «Աէրոֆլոտի» հետ համաձայնության գա ինքնաթիռներում թռիչքների ժամանակ GSM կապ տրամադրելու վերաբերյալ, ապա Հայաստանը կընդգրկվի այն երկրների խմբում, որտեղ եւս «Աէրոֆլոտի» հաճախորդները կունենան հնարավորություն օգտվել բջջային կապից: Այս մասին NEWS.am-Ինովացիայի-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Արմենթել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ հավելելով, որ դեռ տեղեկություններ չկան, որ «Վիմպելկոմը» պետք է չվերթներում GSM կապ տրամադրի:
«Արմենթելի» տնօրենը նշեց նաեւ, որ «Վիմպելկոմի» համար Հայաստանը առաջնահերթություն ներկայացնող երկրների խմբում է, քանի որ Հայաստանի շուկան, այդ առումով, բավական զարգացած է:
«Մենք կարծում ենք, որ եթե նման հնարավորություն եղավ՝ օդում բջջային ծառայություններ մատուցելու, անպայման կսկսենք բանակցել, որ մեզ Հայաստանում տրամադրվեն համապատասխան կապուղիները»,- նշեց Իգոր Կլիմկոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ռադիոհաճախականությունների պետական հանձնաժողովը փետրվարի 19-ին որոշել է հատկացնել 1710-1785 մեգահերց եւ 1805-0855 մեգահերց ռադիոհաճախականությունները՝ ինքնաթիռներում GSM բջջային կապի միկրոցանցեր ստեղծելու համար:
Ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ հաճախականությունների տրամադրման դեպքում առաջին ռուսաստանյան փոխադրողը, որը կապահովի բջջային կապը, լինելու է «Աէրոֆլոտը»: Ընկերությունը պատրաստ է փորձարկել դա իր երկու օդանավերում՝ բջջային կապի օպերատորներից մեկի հետ: Նման ծառայություն արդեն մատուցում են այլ ընկերություններ, ինչպիսիք են Delta, Air France, Lufthansa, Emirates եւ ուրիշներ: 2008թ. այդ կապերում ռոումինգն ապահովում է «Վիմպելկոմ» ընկերությունը:
«Վիմպելկոմի» ներկայացուցիչը ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը շահագրգռված է ինքնաթիռներում կապի ծառայություններ մատուցել:




























