Երեւանի ավագանու ընտրությունները Բաստիլի գրավում չէ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ քաղաքական մենաշնորհը կոտրելու մասին հայտարարություններին:

«Ի՞նչ է նշանակում քաղաքական մենաշնորհ: Եթե իրենք քաղաքական համակարգում իրենց զրո են համարում, ապա այդ հարցն իրենց պետք է տալ: Իրենք ընդգրկված են քաղաքական համակարգում եւ այդ տեղը հենց Ազգային ժողովն է»,- ասաց Հ. Թովմասյանը:

ԲՀԿ-ի «Սկսելու ենք Երեւանից» կարգախոսի վերաբերյալ Հ. Թովմասյանն ասաց, որ Երեւանն իր բոլոր տնտեսական ցուցանիշներով բոլոր համայնքների մեջ առաջատար է, իսկ ԲՀԿ-ին խորհուրդ տվեց փոփոխությունները սկսել այն համայնքներից, որտեղ ԲՀԿ-ականներ են կառավարում, ու վիճակն ավելի վատ է: Թովմասյանը հիշեցրեց Չերչիլի հետեւյալ խոսքերը՝ յուրաքանչյուր ոք ինքն իրենից պետք է սկսի, իր շրջապատից, իր քաղաքական համակարգից, եւ փորձի դրանով օրինակ ծառայել: «Միայն դրանից հետո նա կարող է հավակնել ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն ստանձնելուն»,- եզրափակեց Հ. Թովմասյանը: