Նոր մայրաքաղաքի կառուցումն առանց հնի պահպանման անհնար է: Այդ մասին ապրիլի 11-ին հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հանդիպելով Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ:
Նրա խոսքով, այն դեպքում, եթե կրկին դառնա Երեւանի քաղաքապետ, քաղաքը կպահպանի իր պատմական դեմքը` համալրվելով նոր շինություններով: «Անհնար է կառուցել նորը` չպահպանելով հինը: Եւ այդ կանոնին մենք հետեւելու ենք, որ մեր մայրաքաղաքն ավելի գեղեցիկ դարձնենք»,- ասել է Մարգարյանը: Քվեարկելով ՀՀԿ-ի օգտին, ըստ նրա, բնակիչները կքվեարկեն բարեկարգ բակերի, մաքուր փողոցների եւ աշխատող ենթակառուցվածքների համար:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Մասնակցելու են 6 կուսակցություններ եւ մեկ դաշինք: Երեւանի ավագանին էլ քաղաքապետ է ընտրելու:




























