Հայաստանի իշխող կուսակցությունը ցուցադրեց իր «մկանները»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ այդ «մկանները» մի քանի շաբաթվա ընթացքում չեն անհետանա:

«Ինչ կլինի Րառռի Հովհաննիսյանի հետ: կլինի այն, ինչ եղել է նախկինում: Հայաստանում դա քաղաքական ավանդույթ է: Հիշեք Վազգեն Մանուկյանին, Ստեփան Դեմիրճյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանք բոլորն ասում էին, որ ընտրությունները կեղծվել են»,-ասաց Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ ապրիլի 9-ին ներկա է եղել ընդդիմության հանրահավաքին եւ տեսել տարբեր, այդ թվում արմատական տրամադրված մարդկանց, ովքեր, ի վերջո, բանը հասցրեցին բախումների:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը սպառել է իրեն եւ սա վերջն է, Իսկանդարյանն արձագանքեց. «Ինչ վերջի մասին է խոսքը, այնտեղ սկիզբ էլ չի եղել»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, դա, ըստ Իսկանդարյանի, նրա շարժումը չէ, այլ հասարակության ընդդիմադիր հատվածը: «Մեր երկրում բավական շատ մարդ կա, ովքեր չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»,-ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է նույն ձայները, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արթուր Բաղդասարյանը միասին 2008-ին, սակայն դա ոչ թե ընդդիմության թեկնածուի ձայներն են, այլ՝ ընդդիմադիր տրամադրված հատվածի: «Րաֆֆի Հովհաննիսյանը չունեցավ բավարար գործիքներ՝ այդ ձայները փոխարկելու համար»,-ամփոփեց նա:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am