ՌԴ Վլադիմիրսկի մարզում վթարի հետեւանքով զոհված 5 Հայաստանի քաղաքացիները  2-ի դիերը այսօր` ապրիլի 12-ին տեղափոխվել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Սասունիկ Սարգսյանի եւ Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երեւան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան:

Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր եւ Արտեմ Խաչատրյանների դիերը Երեւան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում: Հիշեցենք, ոչ պատահարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։ Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը եւ Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան եւս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր եւ 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները: Պատահարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացի՝ 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: Իվանովոյի հայ համայնքում հայտնել են, որ Հայաստանի քաղաքացիները եկել էին աշխատելու շինարարության վրա: «Մեր ներկայացուցիչը Վլադիմիր է գնացել, որ տեղեկություններ իմանա: Զոհերի մարմինները կուղարկենք հայրենիք, գումար կհավաքենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են համայնքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա:  Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։