Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, ով Հայաստանում էր գտնվում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի Տեր Ղազարյանցը, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը եւ Արամ Սարգսյանը:
Ամփոփելով Սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները՝ Արա Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ առավել արդյունավետ եւ շոշափելի են դարձել Սփյուռքին հետ տարվող աշխատանքները: Քննարկվել են համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013թ մրցանակաբաշխության կազմակերպչական հարցեր:
Հ. Հակոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: Քննարկվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները:




























