Ընտրական կատակերգությունն ավարտված է, իսկ վարագույրներն՝ իջեցված: Այս մասին, այսօր` ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ մեջբերելով Ադոլֆ Հիտլերի խոսքը. «Կարեւորը ոչ թե մեթոդն է, այլ՝ արդյունքը»:
Ըստ նրա՝ անգլիական վիկինգներն այդպես էլ չկարողացան ռեվանշի հասնել արցախյան վիկինգների նկատմամբ՝ «հայ ժողովրդի աքիլեսյան գարշապարի՝ անմիաբանության, եւ պայքարի մեջ քաղաքական զինանոցի սնանկության պատճառով»:
«Այնպես որ, այսօր ներքաղաքական կյանքում ապագա մատենագիրները կգրեն, որ քաղաքական ապստամբության ծուխը բարձրացավ, բայց այդպես էլ հրաբուխը չժայթքեց: Արցախյան վիկինգները մի չորրորդ անգամ հաստատվեցին հայոց գահի վրա: Այդ դինաստիան անգլիական բուլդոգի համառությամբ էլի գահը չզիջեց»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, գլխավոր մարքսիստը նշեց, որ դրանք հիշատակության կամ վերլուծության արժանի չեն, քանի որ մարաթոն մտած վեց քաղաքական ուժերն այդպես էլ չհասկացան, թե քաղաքապետի ինստիտուտը ծաղիկ ցանողների, ջրողների, տանիքներ սարքողի, ասֆալտ փռողի ինստիտուտ չէ, այլ քաղաքական ինստիտուտ է: Դավիթ Հակոբյանը նոր քաղաքաշինության քաղաքականության կողմնակից է եւ կողմ է, որ էլիտար շենքերից անցում կատարվի ժողովրդի համար նախատեսված մատչելի բնակարանաշինության:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























