«Ժառանգություն» կուսակցության, մասնավորապես, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերում տրամաբանական հետեւողականություն չկար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը եւ ինքն անձամբ չեն մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման ապրիլի 9-ի հանրահավաքին: Նա նաեւ հիշեցրեց, որ ՀԱԿ-ը ժամանակին հայտարարել էր, որ այդ միջոցառմանը չի մասնակցելու:

Հարցին, թե որքանով էին իրավաչափ ոստիկանների գործողություններն ապրիլի 9-ին, երբ ծեծի էին ենթարկել «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանին, Ջհանգիրյանը պատասխանեց, որ եթե համեմատենք ՀԱԿ-ի կողմից նախկինում 2010-2011 թվականներին կազմակերպված նմանատիպ միջոցառումների հետ, նման միջադեպեր արձանագրվել էին նաեւ այն ժամանակ: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողություններն իրավաչափ չեն եղել, սակայն արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: