Հայաստանի կառավարությունը բանակցություններ չի սկսել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործը՝ համապատասխան ներդրումներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հարություն Փամփուկյանը:

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն արդեն հերքել է այդ տեղեկությունը: Ես եւս հաստատում եմ, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Դա ինչ-որ մեկի ֆանտազիայի արդյունքն է»,- ասաց Հարություն Փամփուկյանը: Նրա խոսքով՝ եթե նման բան լիներ, իրենք թաքցնելու ոչինչ չունեն եւ բաց կներկայացնեին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործը համապատասխան ներդրումներով:

 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել էլ այդ լուրերը. «Ո՛չ, ո՛չ...նրան ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ բանակցություններ ենք վարում»:

 Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով եւ պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել: