Այսօր` փետրվարի 22-ին կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայությունից, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել այդ ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) ձեւավորման եւ խորհրդի աշխատանքների կազմակերպման եւ գործունեության թափանցիկության ապահովման հարցերին:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին կառավարությունը հավանություն էր տվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին, որի նպատակն է միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով Հայաստանի հարավը կապել հյուսիսի հետ եւ ապահովել ելքը դեպի միջազգային շուկաներ։

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության նպատակով Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախաստորագրվել են ծրագրի ֆինանսավորման շրջանակային համաձայնագիրը՝ 500 միլիոն դոլարի չափով, եւ ծրագրի առաջին մասնաբաժնի իրականացման վարկային պայմանագիրը՝ 60 միլիոն դոլար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման մասին։

Ծրագիրը իրականացվելու է 2010-17 թվականների ընթացքում։ Առաջին փուլում նախատեսվում է մայրուղու Երեւան-Գյումրի հատվածի քառուղի բարձրակարգ ճանապարհի կառուցումը։ Դրա առաջին տրանշը՝ 60 միլիոնը, կուղղվի Երեւան-Աշտարակ ճանապարհի վերակառուցմանը եւ Երեւան-Արարատ ճանապարհի անվտանգության համապատասխանեցմանը միջազգային ստանդարտներին: Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվելու են երկրի հարավում, մասնավորապես՝ Սիսիան-Կապան հատվածում: