Հայաստանի տարբեր հեռուստաընկերություններով հեռարձակվող սերիալներում նկարահանվող դերասանուհի 48-ամյա Աննա Գեւորգյանը վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրան վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդն էլ չի հայտնաբերվել: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում, տուժողի վնասվածքի աստիճանը պարզ չէ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն էլ շարունակվում են:
Աննա Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր առողջական վիճակը այժմ լավ է, ցավեր չունի, արդեն կարողանում է քայլել, հավանաբար մեկ շաբաթից աշխատանքի կգնա: Նա տեղեկացրեց, որ նորից բժշկի է գնացել եւ հայտնել են,. որ որեւէ վտանգավոր բան չկա, արտաքին կապտուկները անցնելու համար էլ ժամանակ է հարկավոր: Դերասանուհին իր զարմանքը հայտնեց, որ այսքան օրերի ընթացքում ոստիկանությանը չի հաջողվել գտնել իրեն վրաերթի ենթարկած վարորդին, երբ այդ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, իսկ ինքն էլ մեզ հետ զրույցում նկարագրել էր մեքենայի արտաքին հատկանիշները (հին մակնիշի մուգ կաթնագույն մեքենա էր, սպիտակ համարանիշներով տաքսի-խմբ):
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում Է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրան Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նշենք, որ Աննա Գեւորգյանը ամուսնացած է, ունի 4 երեխա: Նա նկարահանվել է «Արմենիա», «Շանթ» եւ «Հանրային» հեռուստաընկերություններով հեռարձակվող մի շարք սերիալներում` «Որոգայթ», «Դիմակահանդես», «Աննա», վերջին անգամ նկարահանվել է «Գեներալի աղջիկը» սերիալում` Մարինայի դերակատար, այժմ խաղում է «Քույրերը» սերիալում` Ժաննայի դերակատար:




























