Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո երկրորդ անգամ հանդիպել է Խորհրդի անդամների հետ` քննարկելու գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում Խորհրդի արձանագրած խնդիրներն ու առաջարկելիք լուծումները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարները:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե այս ժամանակամիջոցում մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ Խորհրդի հանձնաժողովներում մեծ աշխատանք է կատարվում տարբեր թեմաների շուրջ` սկսած հայ-թուրքական հարաբերություններից, մինչեւ հեռուստաեթերի որակի բարելավում:
Որպես գյուղատնտեսությունում առկա առաջնահերթ խնդիր` խոսվել է տարեցտարի ավելացող չմշակվող հողատարածքների մասին, ինչը, բանախոսների համոզմամբ, վտանգում է տնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարը: Խորհրդի աշխատանքային խումբը երկրի ղեկավարին է ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման մասին առաջարկ եւ դրա հիմնավորումները` ելնելով իր ուսումնասիրության արդյունքներից: Խոսվել է այն մասին, որ կամավորության սկզբունքով կոոպերացիան զարգացնելու միջոցով կլուծվի ոչ միայն արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու, այլեւ գյուղաբնակներին իրենց հողի վրա պահելու եւ գյուղը որպես այդպիսին չկորցնելու խնդիրները:
Երկրի ղեկավարն ասել է, որ այս խնդիրը պետք է դիտարկել բազմիցս կարեւորված տարածքների համաչափ զարգացման ռազմավարության համատեքստում, ինչը նշանակում է, որ գյուղական բնակավայրերը պետք է հնարավորություններ ստանան իրացնելու իրենց ներուժը, տվյալ դեպքում` նաեւ գյուղատնտեսության ոլորտում:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ինտերնետի սակագների եւ որակի խնդրին, ինչը, Հանրային խորհրդի անդամների համոզմամբ, չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու բնակչության համար ինտերնետի մատչելիության ընդլայնմանը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ կապի որակի բարելավման եւ հասարակության համակարգչայնացման աստիճանի բարձրացման գործում դանդաղելը կարող է Հայաստանին հետ նետել աշխարհի զարգացումներից եւ նվազեցնել երկրի առաջընթացի հնարավորությունները, ուստի պետք է անել ամեն ինչ, այս խնդիրին արագ եւ հիմնավոր լուծումներ տալու համար:
Նախագահն առաջարկել է քննարկված հարցերի շուրջ հնչած տեսակետները դասակարգված ի մի բերել եւ, կառավարության հետ սերտորեն համագործակցելով, անցնել հաջորդ փուլին` մշակել կոնկրետ միջոցառումներ:



















