Վաղը` փետրվարի 26-ին Հայաստանի բնակչության համար պարզ կլինի, թե կոնկրետ որքան է թանկանում գազի սակագինը: Հենց վաղն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու այդ հարցը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը հիշյալ հանձնաժողովին հայտ էր ներկայացրել եւ առաջարկել, որպեսզի ապրիլի 1-ից 1 խմ գազի դիմաց սակագինը ներկա 96 դրամի փոխարեն սահմանվի 136 դրամ, ինչը նշանակում է գազը թանկացնել 41 տոկոսով: Իսկ խոշոր սպառողների համար սակագինն առաջարկվում է բարձրացնել անհամեմատ քիչ:
Թեեւ հանձնաժողովի նիստը վաղն է կայանալու, սակայն արդեն հայտնի է, որ հանձնաժողովը քննարկումների արդյունքում կանգ է առել 132 դրամ սակագնի վրա:
«ՀայՌուսգազարդը»-ն իր հայտը բացատրում է նրանով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից գազը գնելու է 1000 խմ դիմաց ոչ թե 154 դոլարով, այլ 180 դոլարով: Նկատենք, սակայն, որ 136 դրամի պարագայում դուրս է գալիս, որ հայ սպառողը գազի դիմաց վճարելու է 360 դոլար, ինչը Ռուսաստանից ներմուծման գնի կրկնակին է:
Այս կապակցությամբ երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ պետք է «Հայռուսգազարդից» պահանջել այդ ընկերության կատարած ծախսերի, ներդրումների, աշխատավարձերի, բոնուսների մասին տեղեկություններ, որպեսզի բոլորն էլ տեսնեն, թե ինչ ավելորդ ու ուռճացված ծախսերի հաշվին է ՀայՌուսգազարդը բարձրացնում սակագինը:



















