«Թեպետ աշխուժացման մասին վաղ է խոսել, այնուամենայիվ աշխարհի մի շարք երկրներում տնտեսության ապաքինման միտումներ են նկատվում»,- փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը։

Նշելով, որ վերջին շրջանում հայաստանյան տնտեսությանը տրվող գնահատականները շատ տարբեր են, նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ դժվարագույն օրերը մնացել են հետեւում։ «Կարող եմ ասել, որ Հայաստանն ունի տնտեսությունն աշխուժացնելու, կայունացման փուլ վերադառնալու հնարավորություններ, ավելին, բոլոր հնարավոր ռեսուրսների օգտագործման դեպքում 2010 թ. համար արված տնտեսական կանխատեսումները համեստ կանխատեսումներ են»,- ընդգծեց Թ. Մանասերյանը։

Նրա խոսքով թեպետ Հայաստանը 2009-ը ամփոփեց տնտեսական անկումով, սակայն ինքը չի շտապում դա պայմանավորել բացառապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներով. «Պետք է հստակ տարանջատել այն պատճառները, որոնք հատուկ են մեր երկրի տնտեսական հետընթացին եւ այն պատճառները, որոնք գալիս են համաշխարհային շուկայից»,- հստակեցրեց ԱԺ նախագահի խորհրդականը։

Հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի վերջերս արտահայտած այն միտքը, որ «Հայաստանը հաղթահարել է ճգնաժամը», Թ. Մանասերյանը նշեց, թե ինքը չի մեկնաբանում ուրիշների տեսակետները՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ուրախ կլինի, եթե վերջինիս խոսքերն իրականություն դառնան։ «Եթե Էկոնոմիկայի նախարարը նմա հայտարարություն է անում, ուրեմն դրա համար հիմքեր ունի»,- ամփոփեց նա։