Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը մայիսի 13-19-ը Երեւանում անցկացնում է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 13–ին՝ Հյուսիսային պողոտայում:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փառատոնի նպատակն է ընդլայնել մայրաքաղաքի եւ մարզերի երիտասարդ արվեստագետների համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել եւ բացահայտել նոր անուններ:

Փառատոնն ընդգրկում է թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, գծանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն) ոլորտները: Փառատոնին ներկայացված են շուրջ 130 մասնակից՝ մայրաքաղաքային եւ մարզային ստեղծագործական միավորումներ եւ անհատ ստեղծագործողներ:

Փառատոնի երեւանյան ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները կներկայացվեն մայիսի 13-19-ը, ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում (ք. Երեւան, Ամիրյան 26) եւ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (ք. Երեւան, Սայաթ-Նովա 4 /Թատերարվեստ/): Մայիսի 15-ին եւ 16-ին, ժամը 20:30-ին, Նարեկացի արվեստի միությունում (ք. Երեւան, Վարդանանց 16/1 /Կինոարվեստ/), մայիսի 15-ին եւ 17-ին, ժամը 14:00-19:00, Մարտիրոս Սարյանի անվան պուրակում /Կերպարվեստ/:

Մասնագիտական հանձնախմբի որոշմամբ լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաեւ մարզերում:

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է: