Հայաստանում դեռեւս լուծված չէ որակյալ կրթության խնդիրը, գոյություն ունեն էական տարբերություններ դպրոցների եւ համալսարանների կողմից տրվող կրթության մակարդակների միջեւ: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրը կրթության մատչելիությունն է: «Կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված նախադպրոցական կրթության հետ: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, նախկինում վիճակն ավելի վատ էր, ներկայումս այդ խնդիրը բավականին մեղմացել է»,-ասաց նախարարն՝ ընդգծելով, որ հասանելի են ուսանողական վարկերը եւ նման քաղաքականությունը շարունակվելու է: Աշոտյանը նաեւ նշեց, որ ոչ մի լավ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու հնարավորությունից՝ դրամական միջոցների անբավարարության պատճառով:
«Երրորդ խնդիրը կրթության արդյունավետությունն է: Խնդիրն այն է, թե որքանով են պետության կողմից ներդրվող ջանքերը համապատասխանում կրթության մակարդակի բարելավմանը»,-ամփոփեց նախարարը:




























