Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով դեղորայք գնելու անվճարունակության եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` «գեներալ Մանվելը», մեկնել է Ֆրանսիա` շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.

«Նա, ինչպես մեզ հայտնեցին ԵԿՄ-ից, Ֆրանսիա է մեկնել նախօրեին եւ պետք է վերադառնա այսօր: Ազատամարտիկների միջեւ առաջացած սոցիալական անհավասարությունը իհարկե նոր երեւույթ չէ: Նստացույցի դիմած գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկնաբանելով գեներալ Մանվելի Ֆրանսիա կատարած այցը մեր թղթակցին ասել է. «Եթե ես էսօր հիվանդանամ, որովհետեւ սիրտս մի քիչ լավ չի, եթե պետք լինի ստենդավորել, 1 միլիոն, 2 միլիոն դրամի կարիք կլինի... Ես պիտի մեռնեմ: Հնարավորություն չկա: Պետությունն ինձ պետք է աջակցի, ասենք, 100 հազար դրամով կամ 200 հազար դրամով: Ես կմեռնեմ, ինձ որպես զոհված ազատամարտիկ կտանեն, կթաղեն»: Ավետիսյանը, սակայն, դեմ չէ, որ Մանվել Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա հետազոտման. «Եթե հիվանդությունը կա. պարտավոր է բուժվել», ասել է նա: Նստացույցի դիմած մեկ այլ ազատամարտիկ`Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո), նույն հարցի վերաբերյալ ասել է, որ ինքն իրավունք չունի կարծիք հայտնել հրամանատարի մասին: «Որ հիվանդ ա, ինքը պետք է բուժվի: էդ միանշանակ»,- ասել է Ռեմբոն, ումից Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ետ էր վերցրել գեներալի տված հուշամեդալը»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):