Պետերբուրգի հարավում ծեծկռտուքի հետեւանքով երկու մարդ է մահացել: Կուպչինոյում ծեծելով մահվան են հասցրել Ադրբեջանի մի քաղաքացու, իսկ Մարշալ Կազակովի փողոցում՝ եւս մեկ տղամարդու, ում ինքնությունը դեռ պարզված չէ:

Ինչպես հաղորդում է «Ֆոնտանկան», առաջին միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր: Ծեծկռտուքի ժամանակ սպանվել է 40-ամյա ադրբեջանցին: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են տեղի երկու բնակիչներ (29 եւ 30 տարեկան): Նրանցից մեկը նախկինում դատապարտված է եղել:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել քաղաքի հարավ-արեւմուտքում: Մայիսի 16-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն են դիմել շենքերից մեկի բնակիչները, որոնք շենքի 10-րդ հարկում, աստիճանավանդակների մոտ մահացած մարդու մարմին են հայտնաբերել: Մահացածի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ ու արյուն է եղել, կողերը կոտրված են եղել: Արտաքնապես տղամարդը 40-45 տարեկան է: Նրա ինքնությունը ճշտվում է: