Մինչ օրս այս ռեժիմը կարողացել է իր դիրքերում երկար տարիներ պահպանվել ոչ այն պատճառով, որ հզոր է եղել, այլ որ ընդդիմադիր ուժերը գործել են սխալ եւ անկազմակերպ: Այդ մասին այսօր` մայիսի 17-ին, Ազատության հրապարակում, «Նախախորհրդարանի» նախաձեռնած հանրահավաքում հայտարարել է ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ հավելել, թե «մեզ այսօր ամենից առաջ պետք է կազմակերպվել»:

«Մեր երկիրն օկուպացված վիճակում է եւ գործող վարչակազմը պատերազմ է հայտարարել է ժողովրդին: Հիմա ի՞նչ անել: «Հիմա»-ն առաջին հերթին վերաբերում է կազմակերպվելուն: Եթե 25 տարի առաջ մեզ կազմակերպվածությունն անհրաժեշտ էր Արցախը գերությունից ազատելու, այսօր պետք է անկախ պետություն ստեղծելու համար»,- ասել է Սեֆիլյանը:

Նա նշել է, թե պետք է ձեւավորել քաղաքացիական անհնազանդության ունակ խմբեր: «Մենք ունենք լավ ծրագիր, սակայն դա կմնա թղթի վրա, եթե չհաջողվի միս ու արյուն հաղորդել: Պետք են աջակցող խմբեր, որոնք կունենան հստակ նպատակներ: տեղերում ստեղծելու ենք համակարգող մարմիններ: Այս ամենի համար պետք չէ սպասել մեզ, տեղերում կազմակերպվեք, ինքնակազմակերպվեք եւ կապ հաստատեք մեր հետ»,- նշեց Սեֆիլյանը` հավելելով, որ նույնպիսի կազմակերպում պետքէ նաեւ սփյուռքում, եւ, բարեբախտաբար, նման առաջընթաց արդեն կա:

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ իր ելույթում նշել է, թե «մեր հաղթած երկիրը 20 տարվա մեջ կորցրել է բնակչության 50 տոկոսը»: «Երկիրը արնահոսում է: Ամեն օր ավտոբուսներով, ինքնաթիռներով, գնացքներով, ոտքով հարյուրավոր մարդիկ են հեռանում Հայաստանից»,- ասել է Խզմալյանը: Նա նշել է, որ իրենք կուսակցություն չեն, որովհետեւ կուսակցությունները պառակտում են երկիրը:

«Նախախորհրդարանի» նախաձեռնած հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, ժամը 19-ին, Ազատության հրապարակում: