Չիլիի LAN Airlines ավիաընկերության եւ արգենտինական կապալառու Intercargo-ի միջեւ տարաձայնության հետեւանքով Բուենոս-Այրեսի օդանավակայանից ավելի քան 18 չվերթներ չեն կայացել, ուշացումներ են գրանցվել երկու այլ քաղաքներում, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Ակնկալվում է, որ ավիաընկերությունը ժամանակացույցով գրանցված թռիչքները կվերսկսի շաբաթ առավոտյան:
Ուրբաթ երեկոյան LAN Airlines ավիաընկերության մի քանի հարյուր ուղեւորներ չեն կարողացել ժամանակին թռչել, քանի որ արգենտինական Intercargo ընկերությունը դադարեցրել էր ուղեւորներին տերմինալ տեղափոխելը, ինչպես նաեւ ուղեբեռների տեղափոխումն ու օդանավերի մաքրումը: LAN-ի ներկայացուցիչների խոսքով, Intercargo-ն պահանջում է վճարել պայմանագրում սահմանվածից ավելի՝ պնդելով, որ գները բարձրացնում է կառավարության որոշման համաձայն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ երեկոյան LAN-ը եւ ուղեւորների մի մասը բողոքի ցույց են անցկացրել արգենտինական մայրաքաղաքի Խորխե Նյուբերիի օդանավակայանում:
Չվերթները հետաձգվել են ամբողջ երկրում: Միայն Բուենոս-Այրեսի Խորխե Նյուբերիի օդանավակայանում LAN-ի 13 չվերթ է հետաձգվել, եւս հինգ օդանավեր չեն թռել «Էսեյսի» միջազգային օդանավակայանից:
Ընկերության հաղորդագրությունում ասված է, որ Արգենտինայի ներսում եւ դրա սահմաններից դուրս բոլոր բոլոր թռիչքները հետաձգվել են մինչեւ մայիսի 18-ի ժ. 9:30-ը: Իր հերթին Aerolineas Argentinas ընկերությունը հայտարարել է, որ հնարավորինս կօգնի ուղեւորափոխադրումների հարցում:



























