Այսօր՝ մայիսի 18-ին, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ազգային օդերեւութաբանական վարչությունը հայտարարարել է ցունամիի սպառնալիքի մասին, սակայն մի քանի րոպե անց հերքել է, գրում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի ափերում, իսկ օջախը 50 կմ խորությունում է եղել: Ցնցումները զգացել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 18-ի բնակիչները, այդ թվում՝ Տոկիոյի:

Հիշեցնենք, ավելի քան երկու տարի առաջ՝ 2011թ. մարտի 11-ին, Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 9,0 մագնիտուդ հզորությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել՝ ստանալով Արեւելյան մեծ երկրաշարժ անվանումը: Ստորգետնյա ցնցումներին հաջորդել էր 14 մետրանոց ալիքներով ցունամին, որը խափանել էր «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վեց ռեակտորներից չորսը՝ հանգեցնելով սառեցման համակարգի աշխատանքի դադարեցմանը: Դրա հետեւանքով ջրածնային պայթյունների շարք էր տեղի ունեցել: Վթարի հետեւանքների լիակատար վերացումը, այդ թվում՝ ռեակտորների ապամոնտաժումը, կտեւի մոտ 40 տարի: