Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երեք հրթիռ է փորձարկել: Ճապոնական ծովում գտնվող Կորեական թերակղզու արեւելյան ափից հրթիռի մեկնարկը կատարվել է մայիսի 18-ի առավոտյան, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը:

Հարավկորեական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ երկրի զինված ուժերը ուշադիր հետեւում են հարեւան երկրի իրավիճակին՝ պահպանելով բարձր պատրաստականության վիճակը:

Դրանից առաջ Պենտագոնի վերջին հաշվետվությունում հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան մինչեւ 200 մեկնարկային շարժակազմեր ունի բալիստիկական հրթիռների համար, գրում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, 2013թ. փետրվարին Հյուսիսային Կորեան միջուկային զենքի փորձարկում էր կատարել, իսկ մինչ այդ արբանյակով հրթիռ էր ուղարկել: Աշխարհն այդ գործողություններն ընկալել էր իբրեւ ագրեսիա եւ պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ: Ապրիլին Փհենյանը երկրի տարածքում ակտիվորեն հրթիռային համալիրներ եւ հրետանի էր տեղակայում, ինչից Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն եզրակացրել էին, որ երկիրը նոր հրթիռների մեկնարկի է նախապատրաստվում: Սակայն մայիսի սկզբին «Մուսուդան» հրթիռային համալիրները հանվել էին մեկնարկային հրապարակից: