Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը մայիսի 23-ին ցուցմունք կտա իր լիզորությունների հնարավոր գերազանցման գործով, երբ ինքը զբաղեցնում էր Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Մարտին ֆրանսիացի քննիչները խուզարկություն են անցկացրել Լագարդի տանը: 2011-ի օգոստոսին ֆրանսիական դատարանը, որը քննում է կառավարության անդամների հանցագործությունները, քննչական հանձնաժողովին են հանձնել Ֆինանսների նախկին նախարար Լագարդի կողմից իր լիազորությունների հնարավոր գերազանցման վերաբերյալ գործը: Նրա գործը կապված է 1993 թվականին Սարկոզիի մտերիմ գործարար Բեռնար Տապիին պատկանող Adidas ընկերության վաճառքի հետ:
Ինչպես հաղորդում է RBK-ն, Լագարդը կասկածվում է, որ 2008-ին լինելով Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, ճնշում է գործադրել դատարանի վրա, որը քննելիս է եղել պետության վերահսկողության ներքո գտնվող Crédit Lyonnais բանկի եւ միլիարդատեր Բեռնար Տապիի միջեւ առկա վեճը՝ Adidas ընկերության բաժնետոմսերի հետ կապված: Քննության վարկածով՝ Լագարդը հասել է նրան, որ գործն ուղարկվել է հատուկ արբիտրաժ եւ Տապիի կողմից փոխհատուցում վճարելու որոշում է կայացվել:
Եթե Լագարդի դեմ պաշտոնապես մեղադրանք առաջադրվի, նա ստիպված կլինի հրաժարական տալ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից, ինչպես դա արեց իր նախորդը՝ Դոմինիկ Ստրոս-Կանը: Քրիսթին Լագարդը ԱՄՀ-ն ղեկավարում է 2011-ի հուլիսի 5-ից՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում:




























