Նոյեմբերյանի զորամասերից մեկի պատասխանատու սպաները, որտեղ սպանվել էր շարքային Լյուքս Ստեփանյանը, հեռացվել են աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լիներ, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու եւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:

Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ:

Վերջիններս փորձել են սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել, որ Երեւան չգան, հետ վերադառնան եւ վստահեցրել, որ սպանությունը կբացահայտվի:

Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, սպանված զինվորի ծնողները, որոնք մտադիր էին դիակը բերել Երեւան կառավարության շենքի մոտ, որոշել են հետ վերադառնալ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: