Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն, այսօր՝ մայիսի 18-ին, ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են բանակում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատների եւ համագյուղացիների երթը դեպի Երեւան:

Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող  Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են Ստեփանյանի հարազատների եւ համագյուղացիների երթը դեպի Երեւան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, ժամը 14:10-ին ժամանելով, դեպքի վայրում ականատես են եղել, որ Սեւան –Երեւան մայրուղու վրա Ստեփանյանի հարազատներին դիմավորել էին ոստիկանական եւ ռազմական ոստիկանության տասնյակ մեքենաներ, ինչպես նաեւ բազմաթիվ ոստիկաններ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ ու «կարմիր բերետավորներ»:

Ներկա էին նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը եւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Երկար բանակցությունների արդյունքում Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշեցին վերադառնալ գյուղ եւ որդու դին հողին հանձնել, այնուհետեւ մեկնել Երեւան իրենց բողոքն արտահայտելու:

Ստեփանյանի հայրը, ներողություն հայցելով հավաքված ժողովրդից, խնդրեց,  որ հասկանան իրեն, որ ինքն ստիպված է տեղի տալ հանուն իր որդու, բայց իրենք անպայման շարունակելու են պայքարել: Ստեփանյանների ընտանիքի հետ միասին պայքարելու պատրաստակամություն է հայտնել պայքարելու ողջ գյուղը, քանի որ ըստ իրենց սա առաջին դեպքը չէ, որ գյուղից զորակոչված երիտասարդ է մահանում, իսկ մահվան հանգամանքերը չեն բացահայտվել:

Ոստիկանապետի եւ մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ Լյուքս Ստեփանյանի դին վերադարձվեց Վերին Գետաշեն գյուղ՝ հուղարկավորության, այսինքն ըստ էության հորդորների եւ ճնշումների միջոցով սահմանափակվեց քաղաքացիների տեղաշարժը եւ դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նրանց կթույլատրվի շարունակել բողոքը հուղարկավորությունից հետո:

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների մի մասը մեկնեց Երեւան մասնակցելու ՀՀ Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցին, որի ընթացքում նույնպես ներգրավվել են անհամաչափ ուժային կառույցների ներկայացուցիչների սահմանափակվել է քաղաքացիների խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը»: