Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ու «Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ կիրականացվի ծրագիր՝ ուղղված մարզային երիտասարդության շրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը:

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀԵՀ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կենտրոնի կամավորները «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին տեղեկացրել են, թե մարզում երիտասարդներն ինչ հիմնախնդիրներ ունեն: Նրանք առանձնացրին երիտասարդների զբաղվածության, ժամանցի կազմակերպման, մասշտաբային ծրագրերի անցկացման հարցերը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ՀԵՀ-ի մարզային կենտրոններն ակտիվացնելու եւ երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար «Լույս» հիմնադրամի ծրագրերով արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդները ամառային արձակուրդների ընթացքում կամավոր հիմունքներով ծրագրեր կիրականացնեն գյուղերում՝ պարզելու, թե ինչպես կարելի է լուծել մարզի երիտասարդության հիմնախնդիրները: «Մենք «Լույսի» հետ զուգահեռ գործել ենք, եւ երբեւէ մեր ծրագրերը չեն խաչվել: Ուստի անհրաժեշտություն առաջացավ օգտագործել «Լույսի» պոտենցիալը ընդհանուր գործի մեջ, քանի որ ի վերջո նպատակն ու վերջնակետը նույնն է՝ զարգացած երիտասարդություն եւ զարգացած համայնք: Մյուս կողմից էլ այն երիտասարդները, որոնք արտասահմանում կրթություն են ստացել, պիտի դառնան մեր շրջապատի մարդիկ: Այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս, որ այդ երիտասարդները չկտրվեն մեր հասարակությունից: Այլ բան է նրանք գալիս են այստեղ՝ որպես դիտորդ, մեկ այլ բան, երբ գալիս են որպես մեզանից մեկը»,-ասել է նա:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն էլ առաջարկել է ՀԵՀ-ի հետ համատեղ իրականացնել նաեւ մի նախագիծ, որի շրջանակներում երիտասարդները կստեղծեն վավերագրական ֆիլմեր, որոնց միջոցով կներկայացվի ՀՀ գյուղերի պատմությունը, ավանդույթները հերոսներին՝ ստեղծելով երիտասարդների եւ ավագ սերնդի ներկայացուցիչների միջեւ երկխոսություն: Ժ. Կարաասլանյանը նշել է, որ այսպիսի ծրագրերը խթանում են արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդների վերադարձը Հայաստան: Նա նաեւ նշել է, որ  արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորած երիտասարդների 54 տոկոսը վերադառնում է Հայաստան, այդ թվում` սփյուռքի հայ երիտասարդությունը: Ժ. Կարաասլանյանը նաեւ տեղեկացրել է, որ հայ երիտասարդների` հայրենիք վերադարձը ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանը ներկայացնել որպես հնարավորությունների երկիր, որ մարդիկ հասկանան՝ երբ գան Հայաստան, իրենց գիտելիքները կարող են կիրառել ու մասնակցել երկրի զարգացմանը: