Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան այսօր՝ մայիսի 18-ին, հայտարարեց դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելի մեկնարկի մասին: Այդ առթիվ հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում;
Ստեղծվում է նոր էլեկտրոնային հարթակ, որը թույլ է տալիս կենտրոնացված վարել բաժնետիրական ընկերությունների ռեեստրները, արժեթղթերի պահառությունը, բորսայական գործարքների քլիրինգը եւ վերջնահաշվարկը; Օրինակ՝ հանրապետության մարզերի բնակիչները կամ ընկերությունների ներկայացուցիչները պարտավոր չեն արժեթղթերի կամ այլ բորսայական գործիքներով գործարքներ իրականացնելուց հետո այցելել կենտրոնական դեպոզիտարիա: Ամեն ինչ արվում է օնլայն՝ բանկերի կամ ներդրումային ընկերությունների միջոցով:
Նոր համակարգը նաեւ շահավետ է բանկերի համար, քանի որ ծառայության նոր տեսակ է:
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը նշեց, որ նոր համակարգը համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին;
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիայի» գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանը նշեց, որ նոր համակարգն աշխարհագրական առումով ծածկում է ողջ Հայաստանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի կարծիքով՝ նոր համակարգը կարեւոր քայլ է 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրման ճանապարհին:




























