Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) եւ ԱՄՆ Էներգետիկայի պետդեպարտամենտի միջեւ համագործակցության շրջանակներում` մայիսի 20-ին ՀՊՃՀ Միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնում կմեկնարկի ատոմային էներգետիկայի եւ միջուկային գիտելիքների երկշաբաթյա սեմինար-վարժանք:
Վարժանքին կմասնակցեն ՀՊՃՀ «Ատոմային էլեկտրական կայաններ եւ տեղակայանքներ», «Ջերմաէներգետիկա» մասնագիտություններով եւ Երեւանի պետական համալսարանի «Միջուկային ֆիզիկա» մասնագիտությամբ սովորող ուսանողները, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության, ինչպես նաեւ` «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները:
Սեմինար-վարժանքն անցկացնելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանի ներկայացուցիչ Ջոն Մերֆին եւ ԱՄՆ հանրահայտ «Արգոն» ուսումնական կենտրոնի Միջուկային ճարտարագիտության դեպարտամենտի մասնագետ Ջասթին Փենսը:
Բացի արտասահմանցի մասնագետներից` սեմինար վարժանքի մի շարք դասընթացներ կանցացնեն ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսորները եւ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գեւորգյանը:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայագրեր, իսկ արդյունքներից ելնելով նախատեսվում է առաջարկ անել ՀՊՃՀ մագիստրատուրայում համապատասխան ընտրովի դասընթաց մտցնելու մասին:



























