ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին մայիսի 16-ին թույլ չեն տվել հանդիպել ձերբակալված կասկածյալի հետ, քանի որ վերջիններս չեն ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետով սահմանված գրավոր որոշումը: Այս մասին հայտնում է ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՄԻՊ իր հայտարարության մեջ նշում է օրենքի այն նորմը, ըստ որի բացառապես պաշտպանի գրավոր որոշմամբ ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները կարող են լիազորություն ստանալ մուտք գործելու զորամիավորումներ: Նշվածից պարզ է դառնում, որ օրենքը անարգել զորամիավորումներ մուտք գործելու իրավունքը սահմանված է բացառապես մարդու իրավունքների պաշտպանի, այսինքն՝ կոնկրետ անձի համար: Մնացած դեպքերում պարտադիր կերպով անհրաժեշտ համարելով այդ նույն անձի՝ պաշտպանի գրավոր որոշումը: Եվս մեկ անգամ փաստելով ՄԻՊ հետ համագործակցության կարեւորությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը ակնկալում է օրենքի որոշակի դրույթների միատեսակ մեկնաբանման ու կիրառման շուրջ քննարկումներ կազմակերպումը եւ ըստ անհրաժեշտության վերանայումը»,- ասված է մամուլի խոսնակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու եւ մտադիր են կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:
Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ: Դրանից հետո Օհանյանը եւ Գասպարյանը զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը:



























