Հայաստանի բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ մայիսի 18-ին, այցել է Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Արամ Հարությունյանին զեկուցել են մինչ օրս իրականացված աշխատանքների ծավալների վերաբերյալ: Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրումն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Շրջայցին մասնակցել են նաեւ 2013թ. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության ներկայացուցիչները: Նախարարը հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: ՙԵթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար՚,- նշել է նախարար Հարությունյանը: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15 օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Արամ Հարությունյանն այցելել է հանրային լողափեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիսի երկրորդ կեսին: Նախարարը հանձնարարականներ է տվել «Սեւան» ազգային պարկ»-ի տնօրինությանը հետեւել բարեկարգման աշխատանքներին:

«Այս տարի պետք է ապահովենք ավելի հարմարավետ պայմաններ մեր հանգստացողների համար»,- ասել է Արամ Հարությունյանը: