Սիրիայի հարցով կոնֆերանսը միայն հապճեպ գործողությունների դեպքում է կարող Ռուսաստանի համար «ծուղակ» դառնալ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետայի» հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե տվյալ կոնֆերանսը Ռուսաստանի համար «ծուղակ»  չի՞ դառնա, եւ արդյոք անհաջողության դեպքում ԱՄՆ-ն ձեռնամուխ չի լինի ռազմական սցենարի իրագործմանը: 

«Երբ մայիսի 7-ին Մոսկվայում պայմանավորվում էինք հանդես գալ նման նախաձեռնութամբ, մենք այդ միջոցառման անցկացման հստակ պայման ենք դրել՝ հանգամանալից նախապատրաստությունը», - ասել է Լավրովը:

Ըստ նրա` առաջին հերթին անհրաժեշտ է ամենագլխավոր շահագրգիռ կողմերի ` Սիրիայի կառավարության եւ ընդդիմության բոլոր խմբերի համաձայնությունը: Երկրորդ հարցը, որը պետք է լուծվի մինչեւ կոնֆերանսը, մնացած մասնակիցների կազմն է:  Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ Ժնեւում չկային Իրանը եւ Սաուդյան Արաբիան, Լավրովը նշել է, որ եթե բոլորն ընդունում են, որ Իրանը շատ մեծ ազդեցություն ունի տեղի ունեցող իրադարձություններում, ապա այն  անպայման պետք է ներկա լինի բանակցություններում: «Կամ մենք  ցանկանում ենք մասնակիցների նման կազմ, որը միանգամայն ներկայանալի կլինի սիրիական բոլոր կողմերի վրա ազդելու տեսանկյունից, կամ էլ կոնֆերանսի հաջողությունը կզոհենք անձնական  նկրտումներին եւ վիրավորանքներին», - ասել է Լավրովը:

Խոսելով կոնֆերանսի տեւողության մասին՝ Լավրովը նշել է, որ արհեստականորեն որեւէ ժամանակային սահմանափակումներ դնելը միանգամայն անարդյունավետ է, եւ հենց ժամկետներ սահմանելով կարող են ծուղակն ընկնել: «Մեզ կասեին. «Ահա, տեսնոմ եք, մենք պայմանավորվել էինք, հինգ օրն անցել է, իսկ արդյունք չկա» եւ հավանաբար միջոց կգտնեին մեղադրելու այն կողմին, որին ցանկանում էին մեղադրել, իսկ հետո կառաջարկեին հարցը հանձնել  ՄԱԿ-ի ԱԽ եւ այդպես շարունակ: Դա նորից կլիներ Լիբիայում կիրառված սցենարների ռեցիդիվը` պատճառ գտնել արտաքին միջամտության համար, խաղաղ ջանքերը տապալվել են, պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է եղել Իրաքում, Լիբիայում եւ այլ տեղերում էլ », - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Եւս մի բան, որը պետք է նախապես պայմանավորվել. արտաքին խաղացողները չպետք է սիրիական կողմերի փոխարեն որոշեն», - ընդգծել է Լավրովը: