Ռուսաստանի պաշտպանության դաշնային ծառայությունը կստուգի որոշ լուսանկարների իսկությունը, որոնք, ենթադրաբար, արվել են նախագահի աշխատասենյակում: Լուսանկարում պաշտպանության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը, այժմ՝ բանտարկյալ, հարմար տեղավորված է Պուտինի բազկաթոռին: Ըստ լրագրողների՝ այդ անձը սիրում էր լուսանկարվել ազդեցիկ վայրերում՝ կրեմլյան լուսանկարների միջոցով կանանց գայթակղելու համար:
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» տրամադրության տակ եղած մի քանի լուսանկարներում պատկերված է Ալեքսեյ Ուստիմչուկը, որը 2004-2011թթ. աշխատել էր պաշտպանության դաշնային ծառայության կապի բաժնում, իսկ 2012թ. 4,5 տարով ազատազրկման էր դատապարտվել Եվգենի Կասպերսկիի որդուն առեւանգելու համար:
Թերթը գրում է, որ այդ լուսանկարները նա տեղադրել էր սոցիալական ցանցում, ծանոթյունների կայքերում: Ալեքսեյը դրանք ցուցադրում էր առիթի դեպքում եւ անառիթ՝ ակնարկելով, որ գրեթե նախագահին հավասար իրավասություններ ունի:
Նախագահի սենյակի լոսանկարում անմիջապես աչքի են ընկնում երկու անհամապատասխանություններ: Առաջին հերթին, նախագահի սեղանի մոտ դրված է աշխատասենյակի շքեղությանը բոլորովին անհարիր գրասենյակային տպիչ: Երկրորդ, սեղանին չգիտես ինչու երկու լամպ կա դրված: Մեկ այլ լուսանկար արված է Բորիս Ելցինի հին ժամանակավոր աշխատասենյակում, որը վաղուց վերացրել են:
«Ստացվում է, որ ցանկացած սրիկա կարող է հեշտությամբ մտնել պետության ղեկավարի աշխատասենյակ եւ կասկածելի ֆոտոսեսիա անցկացնել» - զայրանում է թերթը: Իսկ բլոգերներն էլ զարմացել են լրագրողների արձագանքից:



























