NEWS.am-ի տեղեկություններով, բարձրաստիճան պաշտոնյաները այսօր` մայիսի 20-ին, ԱԺ հերթական քառօրյաի ընդմիջմանը միասին ճաշել են ԱԺ-ի ճաշարանում: Մեր տեղեկություններով` 13.30-14.00-ի սահմաններում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միասին ճաշեցին նորաբաց ճաշարանում: Որոշ ժամանակ անց նրանց միացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ այսօր Կառավարությունը ԱԺ-ին ներկայացրել է իր գործունեության ծրագիրը: ԱԺ այսօրվա նիստում քվեարկությամբ մերժվել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: ԱԺ այսօրվա նիստը խորհրդանշական էր նաեւ այն առումով, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս տարի երկրորդ անգամ այցելել է ԱԺ:




























