Չինաստանի արեւելքում պայթուցիկների արտադրության ձեռնարկությունում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 20-ին, տեղի ժամանակով 11:00-ին՝ Շանդուն նահանգում: Պայթյունի ալիքի հետեւանքով փլվել են մի քանի շինություններ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը, պայթյունի զոհերի թիվը, վերջին տվյալներով, կազմել է 12 մարդ, եւս 19-ը վիրավորվել է:
Պայթյունի պահին գործարանում 34 մարդ է եղել, եւս 8 մարդ աշխատել է շենքի կողքին: Ներկայումս դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում:
Վերջին տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել 19 մարդ, ինչպես նաեւ 12 զոհերի մարմինները: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:




























