«Թանգարանային գիշեր»  միջոցառումների շրջանակներում, մայիսի 18-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում  մի շարք հանդիսություններ են անցկացվել: Մասնավորապես բացվել է Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես:

«Առաջին անգամ ներկայացվել են  Ազգային արխիվում պահվող (հիմնական ցուցադրությունից դուրս մնացած)` պեղումների ընթացքը լուսաբանող լուսանկարների, նյութերի, փաստաթղթերի, նամակների կրկնօրինակներ, բանահյուսական, ազգագրական ուսումնասիրություններ, գրքեր եւ հոդվածներ», -բացման խոսքում նշեց  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների եւ ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Փիրուզա  Սահակյանը:

Ներկայացված նյութերը հիմնական ցուցադրության հետ միասին ամբողջացնում են մեծ հայրենասերի եւ անխոնջ նվիրյալի վաստակը: Ցուցահանդեսի ընթացքում, «Անի»  երգչախմբի կատարմամբ,  հնչել են ազգային-հայրենասիրական երգեր:

Մյուս` «Զվարթնոցը պոեզիայի աշխարհում» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցել են Էջմիածին քաղաքի  թիվ 12 եւ  8  օժանդակ դպրոցների  սաները`   ներկայացնելով Զվարթնոցին նվիրված բանաստեղծություններ,  հայրենասիրական երգեր:

Այս տարվա համար հռչակված «Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսին համապատասխան` “Զվարթնոց” պ/մ արգելոց-թանգարանի գիտաշխատող Ազատ Կարապետյանը դպրոցականների համար անցկացրել է բաց դաս` «Հայաստանի թանգարանների պատմությունից» թեմայով: