Նախօրեին Երեւանում գրանցված առատ տեղումների հետեւանքներն ամբողջությամբ վերացված են: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր այն կառույցների եւ քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք տեղումների հետեւանքների վերացման նպատակով համակարգված եւ օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման եւ երթեւեկության վերականգնման աշխատանքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Վարորդների` ղեկին ծխելու դեպքերը բացառելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորների հետ միասին մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են ստուգումներ, հայտնաբերված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Մայրաքաղաքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով առաջարկվել է գծանշումներ իրականացնել նաեւ կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում:

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում շարունակվում են ընթացիկ վերանորոգման եւ գույքի նորացման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի շրջանակում նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրվում են կոշտ եւ փափուկ, նաեւ՝ խոհանոցային գույքով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետեւողական լինել ծրագրերի իրականացման մասով եւ շարունակել վերահսկողությունը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտող սաներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները քաղաքապետի առաջարկով դպրոց կճանապարհվեն պայուսակներով եւ գրենական անհրաժեշտ պիտույքներով:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման նոր ցանցերի կառուցման 12 ծրագրերից 8-ն արդեն ավարտվել է, զուգահեռաբար շարունակվում են  նոր սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման աշխատանքները: Ներկայացվել են նաեւ Երեւանում անտառային գոտիների ստեղծման վերաբերյալ առաջարկներ:

Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի եւ տանիքների վերանորոգման աշխատանքները: Զուգահեռ իրականացվում է նաեւ հայտարարություններ փակցնելու համար նախատեսված ցուցատախտակների տեղադրում: