Չորս մարդ սպանվել, մի քանիսը վիրավորվել են Իսրայելի Բեեր Շեւա քաղաքի «Ապոալիմ» բանկի կողոպուտի ժամանակ:  Գողերից մեկը ինքնասպան է եղել, երբ հատուկ նշանակության ջոկատը շրջափակել է բանկը: Լրատվամիջոցները հայտնում են, որ հանցագործները երկուսն են եղել, եւ ներկայումս ոստիկանությունը բանակցություններ է վարում ողջ մնացած գողի հետ:

Vesti.ru-ն հայտնում է, որ հանցագործները բանկ են մտել տեղի ժամանակով  ժ. 13:00-ին եւ կրակել հաճախորդների վրա:  Զոհվել է հինգ մարդ, այդ թվում` հարձակվողներից մեկը, որն ինքնասպան է եղել ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Բացի այդ, հինգ մարդ լուրջ վնասվածքներ են ստացել:

Ինքնասպան լինելուց առաջ գողն ազատել է պատանդ վերցրած կնոջը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Հաարեցին»:

Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանում կատարվածի մանրամասները: Տեղացի փորձագետները նշում են, որ այս հանցագործությունը զոհերի եւ վիրավորների թվով աննախադեպ է  Իսրայելի համար: