Իրաքում մայիսի 20-ին ահաբեկչությունների շարքի հետեւանքով զոհվել է 95 մարդ:

Ամենից շատ զոհեր եղել են  Բաղդադում, որտեղ մեկ օրվա ընթացքում պայթել են տասն ականապատ մեքենաներ: Այդ հարձակումների հետեւանքով զոհվել է 48 մարդ, վիրավորվել` 150-ը: Եւս երկու պայթյուն է տեղի ունեցել երկրի հարավում գտնվող Բասրա քաղաքում:

Բացի դրանից, Բաղդադից հյուսիս գտնվող Բալադ քաղաքում պայթեցվել էր իրանցի ուխտավորներով ավտոբուսը:

Բոլոր ահաբեկչություններն իրագործվել են մեծամասամբ շիաներով բնակեցված թաղամասերում: Դրանց պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Մինչդեռ, հարձակումների են ենթարկվել նաեւ երկրի սունիական շրջանները: Սամարրա քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ, իսկ Անբարում անհայտ գրոհայինները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, որի հետեւանքով զոհվել է ութ ոստիկան: