Մայիսի 20-ին ռուսական հատուկ ծառայությունները Մերձմոսկվայի Օրեխովո Զուեւոյում ոչնչացրել էին ահաբեկչական բջիջ: Այսօր լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հայտնում տվյալ գործողության վերաբերյալ: 

Ըստ  «Կոմերսանտի»` բռնել են կովկասյան արտաքինով երեք տղամարդկանց, որոնք ռուսական հանրապետություններից մեկի բնակիչներ են եղել: Հատուկ գործողությունը կատարվել է մայիսի 20-ին: Զինված մարդկանց խումբը տարհանել է բնակիչներին, իսկ հետո հերթով դուրս բերել երեք տղամարդկանց: Հանձնվելու վերաբերյալ երկարատեւ ապարդյուն բանակցություններից հետո կրակոցներ են հնչել: Այնուհետեւ, ըստ ականատեսների,  երրորդ հարկի պատուհանից մարդ է ընկել, որը մահացել է ասֆալտին բախվելուց հետո: Հիշեցնենք, որ գործողության հետեւանքով սպանվել էին երկու գրոհայիններ, երրորդը հանձնվել էր:

Ուժային կառույցներում  ոչ պաշտոնապես պարզաբանել են, որ ահաբեկչական խմբավորման անդամները Ուզբեկստանի Իսլամական կուսակցությունից են եղել, որը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է որպես ծայրահեղական: Գրոհայինները պատրաստականություն էին անցել Պակիստանին եւ Աֆղանստանին սահմանակից լեռնային Վազիրստանում, որը մինչ այժմ վերահսկվում է  «Թալիբան» շարժման կողմից:

Life News-ը, վկայակոչելով գրոհայինների հարեւաններին, հայտնում է, որ տասն օր առաջ նրանց բնակարանում պայթյուն էր տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները պայթուցիկով փորձարկումներ էին կատարել: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ կոտրվել են ապակիները: Հարեւանները վախեցել են, կարծելով, թե կենցաղային գազն է պատճառը:

Հարեւանները ոստիկանություն կամ ԱԻՆ-ին չեն դիմել: Նրանք կատարվածի մասին հայտնել են բնակտարածության տիրոջը: Իսկ վերջինս էլ բացատրել է, որ վարձակալները վերանորոգում են տունը: