Մայիսի 20-ին Ինդոնեզիայում հարկադիր վայրէջքի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Dornier 328 օդանավը, որը Շրի Լանկայից ուղեւորվել էր Սինգապուր. այն Ինդոնեզիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն չի ունեցել:
Ինդոնեզիայի արեւմտյան Աչեհ նահանգի Սուլթան Իսկանդար ավիակայանի հրամանատար, գնդապետ Աբու Սուպրին հայտնել է, որ իրենք կործանիչներ չեն կիրառել, քանի որ ամերիկյան օդանավի անձնակազմը ենթարկվել է հրամանին եւ վայրէջք կատարել:
Սուպրին նշել է, որ Ինդոնեզիայում թռիչքի համար արտասահմանյան ռազմական ինքնաթիռները նախապես պետք է թույլտվության ստանան պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններից, սակայն ամերիկյան Dornier-ը դրանցից ոչ մեկը չի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ինքնաթիռում հինգ մարդ է եղել, այդ թվում՝ երեք զինվորականներ եւ երկու քաղաքացիական անձինք:




























