Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն: Մայիսի 20-ին, Նալբանդյանը Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին եւ հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրք է մատուցել:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ Հեյգն ասել է, որ երկու տարի առաջ՝ Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝ հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջեւ կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման համար։
Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել եւ կարեւորել տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:
Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:
Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։ Այս ենթատեքստում Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել եվրոպական օրակարգի հարցերը, հայ-բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ:




























