Հայաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է մամուլի տեղեկությունները՝ նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանի «ունիկալ» նախաձեռնության վերաբերյալ:
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ:
Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել»,-ասված է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հրապարակ» թերթի՝ «Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել»:
«Նա թերեւս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, եւ, հավանաբար, սրան է գումարվել նաեւ մամուլի նկատմամբ իր եւ իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել՝ խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը:
Եվ առաջինը, ինչն արել է՝ պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին, պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ըստ գերատեսչական մեր աղբյուրների, այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ եւ ընդդիմադիր մամուլին:
Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է եւ պետության հիմնական պարտականություններից մեկը»,-գրել է թերթը:




























