Երեկ` մայիսի 21-ին ձեռքը մսաղացի մեջ թողած երեքամյա երեխան ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առողջական վիճակի մասին առաջին կանխատեսումները կարող են անել միայն վաղը` մայիսի 22-ին:
Թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Մարինա Հայրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, թե երեկ երեխայի ձեռքը հանել են մսաղացի միջից եւ հավաքել: «Հիմա իջեցրել են համակարգչային տոմոգրաֆիայի: Այս պահին հստակ չի կարելի ասել, բայց համենայնդեպս ամպուտացիա չի արվել, հավաքվել է, վաղն ավելի հստակ պատասխան կունենանք»,- նշել է բժիշկը: Վերջինիս խոսքով, երեխայի բոլոր մատները մսաղացում դեֆորմացվել էին, հիվանդանոցում հավաքել են մատները: Երեխան գտնվել է շատ ծանր վիճակում, շոկի մեջ էր, ահագին արյուն էր կորցրել: Ըստ բժշկի, առողջացման դինամիկայի եւ ձեռքի հետագա շարժունակության վերաբերյալ կանխատեսում անելու համար դեռ մեկ օր էլ կպահանջվի: «Վիճակը կայուն ծանր է, բայց ընդհանուր իրավիճակը վատ չի»,- նշել է Մարինա Հայրյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Փարպեցի փողոցի շենքերից մեկի բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մսաղացը կտրելու համար փրկարարները 3-ամյա Հենրիկ Օգոմցյանին հոսպիտալացրել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Ժամը 12.58-ին, բժիշկները մսաղացից հանել են փոքրիկի ձեռքը, ապա հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատել են:




























