Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել  ԷԳՓԱԼ-ի` Էկոլոգիապես անվնաս կամ կանաչ տնտեսական աճի հարցերով փորձի փոխանակման ցանցի երկօրյա մեկնարկային միջազգային համաժողովը, որի համահովանավորներն էին Համաշխարհային բանկը եւ Լեհաստանի բնապահպանության նախարարությունը: Միմյանց փորձին ծանոթանալու, միմյանցից սովորելու, մարտահրավերները ու էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի ճանապարհին առկա խնդիրների հնարավոր լուծումները քննարկելու եւ ցանցի ներսում նմանատիպ խնդիրներ ունեցող համայնքային խմբեր ձեւավորելու համար ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները վերահնելու նպատակով հավաքվել էին  մոտ 90 մասնակիցներ:

Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների էկոնոմիկայի, բնապահպանության եւ ֆինանսների նախարարություններից, Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրների կառավարություններից, ինչպես նաեւ կրթական, հասարակական կառույցներից եւ միջազգային զարգացման հաստատություններից:

«Կլիմայի փոփոխության եւ էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի տնտեսագիտական վերլուծությունը դեռեւս ձեւավորման մեջ գտնվող բազմաոլորտային տեխնիկական փորձաքննության ուղղություն է, սակայն տարածաշրջանի երկրների կառավարությունները գիտակցում են, որ էկոլոգիապես անվնաս տնտեսական աճի ուղին կարող է փոխակերպող ազդեցություն թողնել իրենց երկրի տնտեսության վրա», - բացման խոսքում ասել է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Ֆիլիպ Լը Ուեղուն, - ուրախ եմ տեսնել, որ թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա տարածաշրջանում եւ այսքան շատ մասնակիցներ ունենք: Անհրաժեշտ է թեմային ավելի խորությամբ տիրապետել, որպեսզի քաղաքականության ու ներդրումների մասով նախապատվությունը տրվի ավելի լավ տարբերակների: Հուսով ենք, որ ԷԳՓԱԼ-ի շրջանակում կապահովվեն առնվազն այս կարիքին արձագանքելու մեկնարկային հիմքերը»:

ԷԳՓԱԼ-ը նոր ձեւավորված տարածաշրջանային ցանց է, որը միմյանցից սովորելու, փորձի փոխանակման ու տեխնիկական համագործակցության հարթակ է ապահովում Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ավագ տեխնիկական մասնագետների համար` կլիմայի փոփոխության ու էկոլոգիապես անվնաս տնտեսական զարգացման հարցերի շուրջ:

Համաժողովի օրակարգում ներառված էին էլոկոգիապես անվնաս տնտեսական աճին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ածխածնային արտանետումներ, էներգետիկ սուբսիդիաներ, էկոլոգիապես անվնաս` կանաչ ներդրումային ծրագրեր, վերականգնվող էներգիայի արտոնյալ սակագներ եւ սուբսիդիաներ եւ այլ էկոլոգիապես անվնաս տեխնոլոգիաներ, կլիմայի փոփոխության հետ կապված պետական ծախսերի վերանայում, կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմացնելու ու դրանց հարմարվելու ծախսեր, պետական ներդրումային տարբերակներ, էկոլոգիապես անվնաս աշխատատեղեր, արտահանում, նորամուծություններ եւ այլն:

Այս նոր ցանցի առաջիկա քայլերը կներառեն առցանց ներկայության ձեւավորում, որպեսզի ցանցի մասնակիցներն ունենան վիրտուալ հանդիպումների անցկացման վայր, ինչպես նաեւ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում էկոլոգիապես անվնաս կամ կանաչ աճի հնարավորությունների գնահատման ու կյանքի կոչման վերաբերյալ գործնական տեղեկատվության ապահովում հանրությանը: